19 12 2022

«Կարճ ասած»․ Ում կյանքը ինչպես փոխվեց հեղափոխությունից հետո



 

Հայաստանի ու Արցախի քաղաքացիների կյանքը շատ կտրուկ փոխվել է, ընդամենը 4 տարում՝ 180 աստիճան։ Ինչպե՞ս է, օրինակ, փոխվել հայ գյուղացու կյանքը 4 տարում։ Բավական է ընդամենը հետևել բողոքի ակցիաներին, որ անում էին խաղողագործները, ֆերմերները, այգի մշակողները՝ ոռոգման ջրի ժամանակ, ապրանքի իրացման դժվարությունների համար ակցիաները, գյուղմթերքով բեռնված բեռնատարները։ Մարդիկ այգիներն են արդեն քանդում, դժգոհում են, որ վարկերի ու տոկոսի տակ են։ Վարկերը վերցնում են, պարտքերը փակում ու մնում վարկերի տակ։ Քա՞նի մարդ է ծախել հողն ու հիմա բանվոր է աշխատում՝ մենատնտեսից բանվորի վերածվելով։ Ընդամենը մի բանավոր պայմանավորվածությամբ կամ գրավոր կապիտուլյացիայով սահմանից հարյուրավոր կիլոմետր հեռու ապրող գյուղացին դարձավ սահմանամերձ բնակիչ՝ բոլոր վատ հետևանքներով։ Հիմա նա չի կարողանում հող մշակել, չի կարողանում անասուն արածացնել, ոչ էլ փող ունի, որ արտագաղթի։ Հայ գյուղացին միշտ է տանջված եղել, աշխատել է, չարչարվել, բայց ապրել է արժանապատիվ՝ իր աշխատանքի շնորհիվ։ Իսկ հիմա՞։

Ինչպե՞ս փոխվեց միջին վիճակագրական ուսուցչի կյանքը հեղափոխությունից հետո․ աշխատավարձը՝ նույնը, ուղղակի հիմա ավելի քիչ բանի է հերիքում, դպրոցները՝ ծայրահեղ քաղաքականացված․ միայն վերջին երկու տարում այնքան են ուսուցիչները բողոքի ցույց արել, որ չէին արել նախորդ 25 տարիներին միասին վերցրած։ Այս տարի 15 բողոքի ցույց կար՝ դպրոցի տնօրեն ՔՊ-ականի են նշանակել, ուսուցիչները դեմ են, մարզպետի ազգականն է, քաղաքապետի ընկերոջ կինն է, ՊՎԾ պետի կնոջ ընկերուհին է և այլն։ Մի տնօրենի ընտրությունը սարքում են մեծ պրոբլեմ, անգամ եթե մեկ թեկնածու է՝ մարզպետները հարամ են անում ընտրությունը, մինչև իրենց ուզած մարդը լինի․ Լոռի՞ն ասեմ, Գեղարքունի՞քը ասեմ, Արարա՞տը։ Ուսուցչի կյանքում թիվ մեկ փոփոխությունը գիտե՞ք որն է եղել, որ ամեն դպրոցում հիշատակի անկյուն է բացվել, ու դպրոցի զոհված շրջանավարտների լուսանկարներն են փակցված, որովհետև 44-օրյայում չկա սուգ չտեսած դպրոց։ Քա՞նի հարված տեսավ դպրոցը ապազգային տարրերի կողմից՝ պետականորեն։

Կամ թոշակառուների կյանքը․ ինչպե՞ս փոխվեց, թոշակը գրեթե չբարձրացավ, իսկ 4 տարվա գնաճը կրկնակի է եղել։ Փողը քիչ է, ամեն ինչ թանկ․ թոշակառուն Հայաստանում արդեն ծայրահեղ աղքատի իրավիճակում է։ Մշակությաին գործիչների կյանքը ինչպե՞ս փոխվեց․ թերևս կարելի է ընդամենը արձանագրել, որ փակվեց մշակույթի նախարարությունը․ այլ արձանագրումներ պետք չեն։ Դատավորները, որ արդարադատություն էին իրականացնում, դարձան կոնկրետ պատվեր կատարողներ, որոնք լինում են հեռախոսազանգի ձևով կամ հրապարակում ուղիղ հայտարարության ձևով, աշխատասենյակները շրջափակելու տարբերակով։ Ինչպե՞ս փոխվեց ոստիկանի կյանքը․ փոխվեց այնքան, որ հիմա ոստիկան դառնալը ամոթ է․ ոստիկանությանը տրվեցին լայն իրավասություններ հանրությանը ծեծելու, թև-ուս կոտրելու ու անպատիժ մնալու, ու հանրության աչքում նրանք հիմա հանրությանը հակառակորդներ են։ Կասե՛ք, բայց աշխատավարձերը բարձրացրել են։ Համաձայն եմ․ բայց ի՞նչ գնով։ Ոստիկանինը բարձրացրել են, որ պատրաստ լինի ցանկացած ապօրինություն անելու, ոչ համաչափ ուժ կիրառելու, սկսած երիտասարդից, վերջացրած զոհվածի ծնողի նկատմամբ։ Գործարարները, ուսանողները, դասախոսները, բոլոր-բոլորի կյանքը կտրուկ փոխվել է հեղափոխությունից հետո։ Մի ուսուցչի աշխատավարձը բարձրացնում են, մի քանիսին գործից հանում ուղարկում են տուն։ Ու պարտադիր այդ բոլորը պետք է լինեն նիկոլական իշխանությանը լոյալ, այսինքն ձենները դուրս չգա, չնայած օրինակ նրա, որ երկիր են հանձնում։ Մարդկանց սարքում են իրենց հանցակից, ասում են՝ դե անցքը հետս կիսի, եթե ուզում ես այդ պաշտոնին լինես, փող ստանաս։

Բոլոր-բոլորը, բոլոր խավերը տուժել են այս իշխանափոխությունից, բայց ամենատուժածների առաջին շարքերում երիտասարդությունն է։ 2018 թվականին Երևանի փողոցները լի էին կյանքով ու եռանդով լցված երիտասարդներով, հեղափոխություն էին անում, ոչ իշխանություն գիտեին, ոչ ընդդիմություն, փողոց փակելը դարձել էր մոդա։ Այդ ժամանակ ավարտական դասարաններում էին։ 2 տարի անց նրանց մեծ մասը գնաց բանակ, մի հսկա մասը՝ հետ չեկավ․ 2000-2002 թվականներին ծնվածներից քա՞նիսը զոհ գնաց գլխակեր հեղափոխությանը։ Մյուս ծանր հարված կերածը զինվորներն էին։ Հայ զինվորը, որ աշխարհի ամենահպարտ զինվորն էր, իր աչքով տեսավ բանակի քայքայումը, տեսավ ինչպես են իր սպային հեղինակազրկում, իր գեներալին հեղինակազրկում, ինչպես են հանձնում հայրենիքը։ Կորցրեց նախ զորամասը, հետո խրամատը, հետո հողը, ոտքի տակից։ Հայ զինվորը կորցրեց զենքը, գլխի ծածկը, իսկ հիմա նաև պատիվը․ ես չգիտեմ ինչի է հավասար հիմա սպայի պատիվը։ Եթե առաջ զինվորը մտածում էր բանակային կյանքի դժվարությունների մասին, հիմա մտածում է ողջ հետ գալու մասին։

Հեղափոխության թիվ մեկ քաշվածը Արցախն է․ կորցրեցին ինչ ունեին, մի մասը դարձավ փախստական, մի մասը փախստական դառնալու շեմին է։ Նրանք մեծ հույսեր ունեին, սպասելիքներ ունեին, ապրում էին իրենց կյանքով և ամեն օր զարգանալու, առաջ գնալու, հույսով։ Իսկ հիմա՞։ Չգիտեն իրենք այդտեղ կապրե՞ն առհասարակ, եթե ապրեն էլ՝ իրենց անկախ երկիրը ինչպե՞ս է կոչվելու, ո՞ր երկրի կազմում է լինելու։ Չեն ուզում հավատալ, ոչ մեկս չի ուզում, բայց մտածում են, չէ՞, մարդ են։

Եվ միայն մի խումբ կա, որի կյանքը ևս կտրուկ փոխվեց՝ 180 աստիճանի, բայց արդեն, դեպի լավը, այս բոլորի կյանքի վատացման արդյունքում ու շնորհիվ։ Կար մարդկանց խմբակ, որում ներգրավված էին հիմնականում բանակում չծառայածներ, սորոսական հկ-ների անդամներ, փողով միտինգ անողներ, աղքատներ, մուտիլովչիկներ։ Նրանք այս թվարկածս ու չթվարկածս բոլոր խմբերին խոստումներ տվեցին, վերցրին իշխանությունը, վերցրին ամեն մեկը իր գլխից մեծ պաշտոն, ու մեր սիրուն երկիրը տարան քանդեցին։ Նրանք հիմա մեր հաշվին ճոխ ապրում են, ամենաթանկ հաճույքներն են վայելում, ձրիակերություն են անում։

Պաշտոնը դարձրել են հարստանալու միջոց, ու ինչպես ասում են՝ դզվել են։ Ընտանիքի անդամները տեղավորել են պետական կառավարման համակարգ ու տարբեր բիզնեսներում, բացում են հիմնարկներ, շահում են պետական մրցույթներ․ էն մի բարձր պաշտոնյանի ախպերը երկրի թիվ մեկ ասֆալտ փռողն է, են մյուսի ախպերը 10 տեղ տնօրեն է, ազգուտակով լցված են ՊՈԱԿ-ներում, պետհիմնարկներում, ընտանիքով դեպուտատ են կամ այլ պաշտոնների։ Հագուկապն արդեն մոդայիկ է, թանկ, տունը՝ գեղեցիկ, նոր նորոգված ու ներկայանալի՝ նորակառույց շենքում, ավտոմեքենաները՝ իրենց պաշտոնին վայել ու դեռ մի բան էլ ավելի։ Կոռուպցիան այնքան է շատացել մեր երկրում, որ օրը մեկին բռնում են կոռուպցիայի վրա, չեն էլ կարողանում թաքցնել։ Մարդը, որ առաջ ոչինչ էր, պարտքով գարեջուր էր խմում, բարձր պաշտոնի հասավ, հետո գործերը դզեց ու ասաց հիմա էլ մտնում եմ բիզնես դաշտ, հետո էլի որոշեց զբաղվել պետական կառավարմամբ։ Մենք գիտեինք, որ էս մարդկանց թաթիկներից բան չի գալիս, բայց պարզվեց՝ վատ կառավարիչ են, հաջողակ բիզնեսմեն՝ պետական լծակներով։ Արդյո՞ք իր պետական աշխատավարձով որևէ մեկը կարող է այսօր դառնալ մեծահարուստ։ Իրենք դարձել են, բայց զավեշտ է, որ շարունակում են խոսել նախկինում արված թալանից։ Կարող են հարսանիքներում հարյուր դոլարանոցներ շաղ տալ հարսի գլխին, կարող են բազմամիլիոնանոց հարսանիքներ անել, կարող են 30 հազար դոլարանոց ժամացույց կապել, տների, ավտոների կոլեկցիա հավաքել։ Կյանքում ինքնաթիռ չտեսածները հիմա բիզնես դասով են թռչում։

Կարճ ասած՝ այո, ժողովուրդ, հեղափոխությունը հենց սրա՛ համար էր։ Որ քո կյանքը դառնա անիմաստ, իսկ իրենցը․․․ դառնա իրենց երազանքների կյանքը․ այ դրա համար էր։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ